ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով զբաղվող հանձնաժողովին կից ստեղծվում է խորհուրդ, որը զբաղվում է Ռուսաստանին շահերի սպառնալիքների վերլուծությամբ եւ «գունավոր հեղափոխություններին» հակազդելու հարցերով: Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը: Թերթի տեղեկություններով, մարմնի գործառույթները կքննարկվեն ապրիլի 12-ին:

Թերթի զրուցակիցը ստեղծվող խորհուրդը բնութագրել է որպես «հակահեղափոխական ուղեղային կենտրոն»: Նրա խոսքով, այն հարցերը, որոնցով զբաղվում է նոր մարմինը կապված են «գունավոր հեղափոխությունների» թեմայի հետ: Փորձագետները պատրաստվում են քննարկել օտարերկրյա ՀԿ-ների դերը` որպես «գունավոր հեղափոխությունների» միջոց, ցանցային տեխնոլոգիաների դերը բողոքի ակցիաների կազմակերպման գործում, սոցիալական ցանցերի եւ բլոգերի ազդեցությունը զանգվածների վրա, եւ, ի վերջո, հեղափոխական շարժման հակազդեցության մեթոդները:

Նախատեսվում է խորհրդի աշխատանքներին ներգրավվել ռուսական ինստիտուտները, որոնք մասնագիտացած են հետխորհրդային դաշտի ուսումնասիրման գործում: