Իրանը մտադիր  է մոտ օրերս կրճատել նավթի արտահանումը Եվրոպայի մի շարք երկրներ: Այդ մասին հաղորդել է նավթի նախարար Ռոստամ Քասեմին:

Անհայտ է, թե եվրոպական հատկապես որ երկրների մասին է խոսքը: Նախարարը նաեւ հայտարարել է, որ «Իրանն անհանգստացած չէ իրանական նավթի նկատմամբ ԵՄ-ի ընդունած պատժամիջոցներից», հաղորդում է «Վեդոմոստին»:

Իրանն արդեն հայտարարել էր Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Հունաստան նավթի մատակարարման դադարեցման մասին,  ինչպես նաեւ սպառնացել էր կրճատել արտահանումը Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա եւ Հոլանդիա:

ԵՄ-ի 27 երկրների արտգործնախարարները հունվարի վերջին  հավանություն էին տվել Իրանից նավթի մատակարարման էմբարգոյին: Պատժամիջոցների նոր փաթեթը ենթադրում է, որ հուլիսի 1-ին Թեհրանից նավթ գնող Եվրամիության բոլոր անդամները պետք է ամբողջովին դադարեցնեն ներկրումն այդ երկրից:

Ամեն տարի Իրանն արտադրում է 3,5 միլիոն բարել նավթ, արտահանման ծավալը  հասնում է տարում  մինչեւ 2,5 միլիոն բարել: