Այս ազգը, այս երկիրը կործանվում է, վերանում է աշխարհի քարտեզից մի խումբ ավազակների, մարդասպանների պատճառով: Այս մասին այսօր` ապրիլի 10-ին, Ապարանում տեղի ունեցած ՀԱԿ-ի նախընտրական առաջին հանրահավաքում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավելելով, որ դա լրջագույն ահազանգ պետք է լինի բոլորի համար:

«Եթե մենք մինչեւ հիմա ազգ էինք, որը բաժանված էր Հայաստանի եւ սփյուռքի, հիմա բաժանված է երեք մասի`Հայաստան, սփյուռք եւ պանդուխտ: Ու պանդուխտների թիվը գնալով ավելի է մեծանում»,-հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, ապարանցիներից պահանջվում է իրենց ու իրենց երեխաների փրկության համար գնալ ընտրատեղամաս ու քվեարկել խղճի մտոք:

«Նրանք ուրիշ միջոցներով են ձայներ հավաքել, ես վստահ եմ, որ ժողովրդի մեծ մասը կաշառք նույնիսկ չի էլ վերցրել, վերցնողների մեծ մասն էլ հենց նրանց դեմ է քվեարկում, ումից կաշառք է վերցնում, այլապես եթե դա օգներ, ուրիշ միջոցների դիմելու կարիք նրանք չէին ունենա, ծեծի ու բռնությունների չէին դիմի, ընտրական հանձնաժողներին չէին կաշառի, ու այսօր էլ ես վստահ եմ, որ ընտրակաշառքը չի լուծելու այս ընտրությունների բախտը»,-ասաց նա ու հավելեց. «Ուրիշ բան էլ են տարածում, թե գիտեք ինչ, քվեախցում տեսախցիկներ կան տեղադրված եւ այլն, չկա այդպիսի բան, դա բացարձակ սուտ է»:

Այնուհետեւ անդրադառնալով կուսակցությունների քարոզարշավներին, նրանց խոստումներին ու կարգախոսներին, ՀՀ առաջին նախագաը նշեց, որ այդ ամենին ոչ ոք չի հավատում, սակայն կա մի խոսք, որին հավատում է նույնիսկ ինքը. «Կա մեկ խոսք, որին ես էլ եմ հավատում, դա նրանց կարգախոսն է, ասում է` հավատանք, որ փոխենք, ես հավատում եմ, որ նրանք հավատափոխվելու են, այս մեկը ես հաստատ գիտեմ»:

Ելույթի ավարտին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իրենց կողմից թիվ 14 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված  Ռազմիկ Պետրոսյանին, կոչ անելով իրենց ձայնը տալ նրանց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական քարոզարշավն սկսել է այսօր, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից, որտեղ հանրահավաք է կազմակերպել: