2012 թ. հունվար-փետրվարին Հայաստան մուտք լինող տրանսֆերտների (ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումների) ծավալը կազմել է մոտ 170 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի փետրվարի տեղեկագրում:
Միայն փետրվարին տրանսֆերտների ծավալը 95 մլն դրամ է, ինչը 20 մլն դրամով գերազանցում է հունվարի ցուցանիշը:
Նշենք, որ 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ տրանսֆերտներն աճել են 13.3 %-ով: Տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունենում Ռուսաստանի մասով: Այսպես` Ռուսաստանից 2012 թ. 2 ամսում կատարվել է 137 մլն դոլարի փոխանցում, 2011 թ. 116 մլն դոլարի համեմատ: ԱՄՆ-ից կատարվող փոխանցումները մնացել են մոտավորապես նույն մակարդակին` 11.4 մլն դոլար: Ուկրաինայից եւ Ղազախստանից փոխանցումները նվազել են (այդ երկրներից տրանսֆերտները մոտ 2.5 մլն դոլարի սահմաններում են):
Փոխարենը` աճ է արձանագրվել Թուրքիայից իրականացվող փոխանցումների մասով, թեեւ դրանց ընդհանուր ծավալը չնչին է:
Թուրքիայից տրանսֆերտները 2012 թ. հունվար-փետրվարին կազմել են 357 հազ. դոլար, 2011 թ. նույն ժամանակահատվածի 214 հազ. դոլարի համեմատ: Փոխարենը` դեպի Թուրքիա Հայաստանը 2012 թ. իրականացրել է 505 հազ. դոլարի փոխանցում` 2011 թ. 677 հազ. դոլարի համեմատ:


























