Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Մեծ Բրիտանիան կարող է արմատական իսլամական հոգեւորական Աբու Համզու ալ-Մասրիին եւ եւս 4 իսլամիստների էքստրադիցիայի ենթարկել ԱՄՆ:
Էքստրադիցիայի դեմ ուղղված նրանց բողոքները բրիտանական դատարանները մերժել են: Եվրադատարանը որոշել է, որ բրիտանական դատարանների այդ որոշումներն օրինական են եւ չեն խախտում մարդու իրավունքները:
Հիմա իսլամիստների պաշտպաններն ունեն երեք ամիս, որպեսզի կարողանան Բրիտանիայում նոր գործ բացել: Եթե դա տեղի չունենա, ՄԻԵԴ-ի այս վճիռը կմտնի ուժի մեջ:
Բրիտանական իշխանություններն արդեն երկար տարիներ փորձում են Աբու Համզուին էքստրադիցիայի ենթարկել ԱՄՆ, բայց 2010 թվականին ՄԻԵԴ-ը կանգնեցրեց այդ գործընթացը, հայտարարելով, որ դատարանին անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ գործի հանգամանքները պարզելու համար: Հիմա Աբու Համզուն Մեծ Բրիտանիայում կրում է իր 7 տարվա պատժաժամկետը` բռնության եւ ազգամիջյան թշնամանք հրահրելու քարոզչության համար, հաղորդում է NEWSru.com-ը:
ԱՄՆ-ում նրա դեմ 11 հոդվածներով մեղադրանք է ներկայացված: Մասնավորապես, ամերիկացիները Աբու Համզուին մեղադրում են «Ալ-Կաիդայի եւ «Թալիբանի» հետ համագործակցելու, Աֆղանստանում պատերազմի մասնակցելու, Եմենում 1998-ին 16 մարդկանց պատանդ վերցնելը նախապատրաստելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու եւ 1998-2000 թվականներին Օրեգոն նահանգում ահաբեկիչների նախապատրաստման ճամբարներ կազմակերպելու մեջ:
Միաչքանի եւ մեկ ձեռքով Շեյխ Աբու Համզու ալ-Մասրին Բրիտանիայում ամենահայտնի իսլամիստներից մեկն է: Նա ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, 1979 թվականին տեղափոխվել է Լոնդոն: 1986-ին ամուսնության շնորհիվ նա բրիտանական քաղաքացիություն է ստացել: 1990-ականներին նա մեկնել է Աֆղանստան, որտեղ, իր խոսքով, մասնակցել է «անհավատների դեմ սուրբ պատերազմին»: Հենց այնտեղ էլ Համզուն կորցրել է իր աչքն ու ձեռքը:



























