Վերջին տասնամյակների ընթացքում մենք շատ բան ենք աղավաղել Երեւանում: Այդ մասին այսօր` ապրիլի 10-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Սասունցի Դավիթ» հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նախագահի, տնտեսական խնդիրների համատեքստում շատ հաճախ մոռացության են տրվել բնապահպանական եւ Երեւանի նկարագիրը պահելու առաջնահերթությունները: «Սա տխուր իրողություն է: Այսօր մենք փոխում ենք սլաքները եւ ասում` տնտեսական առաջնահերթությունները առաջնային չեն Երեւանի նկարագիրը պահելու խնդրի հանդեպ: Ու այստեղ ես ձեզ խոստանում եմ` այսուհետ այդպես չի լինելու»,- խոստացել է նախագահը եւ հավելել. «Մենք օրենքով բացառելու ենք Երեւանի կենտրոնի որեւէ կառուցապատում, եթե այն չի պատշաճում Երեւանի տեսքին: Մի քանի տարի եւ Երեւանում վերջնականապես կհաղթանակի քաղաքի դիմագիծը պահպանելու առաջնահերթությունը»:
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին` Սերժ Սարգսյանը նշել է. «Մեզ հաջողվեց դիմակայել ճգնաժամի հարվածներին: Մենք երկիրը զերծ պահեցինք այն ցնցումներից, որ եղան Եվրոպայի բազմաթիվ երկրներում: Նախադրյալներ ստեղծեցինք հետագա տնտեսական զարգացման համար: Բայց մեզ չհաջողվեց ապահովել այնպիսի տնտեսական աճ, որը շոշափելի լիներ բնակչության մեծ մասի համար: Հայաստանը կարող է ունենալ եւ ունենալու է ժամանակակից արդյունաբերություն եւ մի հավատացեք հակառակը համոզողներին»:




























