Իշխանությունը պետք է վերահսկիչ գործառույթների մի մասը տա ընդդիմությանը: Այս մասին, այսօր` ապրիլի 10-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Խոսելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին` նա նշեց, որ փոփոխության կարիք ունի ոչ միայն իշխանությունը, այլեւ համակարգը: «Մենք ունեցել ենք իրար հաջորդող երեք նախագահ, սակայն ոչ ոք չի հրաժարվել այն համակարգից, որը նրան կերակրել է: Մենք պետք է գանք եւ ասենք. «Այո, դու պետք է գնաս: Սակայն մենք պետք է ոչնչացնենք նաեւ այն համակարգը, որը ձեզ մինչ օրս կերակրել է»:
Այդ պատճառով է ՀՅԴ-ն կազմակերպել «Քվեն ուժ է» շարժումը: «Ամենագլխավոր իրավունքը ընտրականն է, եւ եթե այն չի հարգվում, ապա վստահ եղեք, որ ստիպված եք լինելու հանդուրժել նաեւ ձեր մյուս իրավունքների խախտումները: Քվեն ուժ է, եւ այդ յուրաքանչյուրի ուժը պաշտպանելը մեր ընդհանուր պարտքն է: Միայն այդ կերպ իշխանության կգա ժողովուրդը»,- հայտարարեց Ռուստամյանը:
Դրանից հետո, ավելացրեց Ռուստամյանը, երկիրը պետք է հրաժարվի կառավարման նախագահական համակարգից եւ անցում կատարի խորհրդարանականի:
Նշենք, որ մինչ հանրահավաքի մեկնարկը ՀՅԴ-ն երթ սկսեց Մատենադարանից: Հանրահավաքն անցկացվեց նախընտրական քարոզարշավի շրջանակնում: Մայիսի 6 –ին երկրում կանցակցվեն խորհրդարնական ընտրություններ: ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է 85 անուն: Առաջին եռյակում են ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: ՀՅԴ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրել է 8 թեկնածու:




























