«ԱրմենՏել»-ը պատրաստ է ՍԻՄ քարտերի միջազգային ստանդարտի փոփոխությանը, եւ ցանկանում է, որ փոփոխության դեպքում առաջին հերթին հաշվի առնվի սպառողի շահերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏել»-ի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը՝ նշելով, որ ըստ հրապարակումների, SIM քարտերի ստանդարտի փոփոխությունը կվերաբերի միայն դրանց չափերին։ «Հեռախոս արտադրող ընկերությունների նախաձեռնության նպատակն այն է, որ SIM քարտի չափերի փոքրացմամբ, միկրոսարքերի տեղ շահեն հեռախոսում։ Սակայն լավ կլինի, որ հաշվի առնեն նաեւ սպառողի շահերը, որպեսզի քարտի պատճառով սպառողը ստիպված չլինի նոր հեռախոս գնել, կամ փոխել հեռախոսը»,- ասաց Բեղլոյանը:

Հիշեցնենք, որ SIM քարտերի ստանդարտների փոփոխության վերաբերյալ Հեռահաղորդակցության ստանդարտների եվրոպական ինստիտուտը պետք է քվեարկություն կատարեր դեռեւս մարտի 31-ին, սակայն «Apple» եւ «Nokia» միջեւ SIM քարտերի չափերի կապակցությամբ առաջացած վեճի պատճառով այն հետաձգվել է։ Ամենայն հավանականությամբ, քվեարկությունը կկայանա այս տարվա հունիսի 1-ին։

Նշենք, որ այժմ հեռախոսներում օգտագործվում են mini-SIM (25-15 մմ) եւ micro-SIM (15-12 մմ) չափով։ Նոր ստանդարտի SIM-երը, որոնք դեռեւս կիրառության մեջ չեն դրվել արդեն ստացել են nano-SIM անվանումը։