Հայաստանի Կենտրոնական բանկը 2012 թ. ապրիլի 10-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ԿԲ հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա արտաքին հատվածի զարգացումները հիմնականում դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարի շրջանակներում են: Առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների ներքո պարենային ապրանքների միջազգային գները ձեւավորում են թույլ գնաճային միջավայր: Մինչդեռ շարունակվում է նավթամթերքի շուկայում գների աճի ռիսկը՝ պայմանավորված Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումներով:
ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ գնաճային միջավայրի վրա ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը համապատասխանում է դրամավարկային քաղաքականության ծրագրի բազային սցենարին եւ, ընդհանուր առմամբ, ոչ գնաճային է:
ԿԲ-ն իրատեսական է համարում 12-ամսյա ժամանակահատվածում գնաճի ձեւավորումը 4% ±1.5 տոկոսային միջակայքում: Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:




























