Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը` Տուլայում Գագիկ Սարգսյանի ընտանիքի նկատմամբ հարձակման կապակցությամբ.

Տուլայի մարզի Օկտյաբրսկ բնակավայրում հայազգի գործարար Գագիկ Սարգսյանի հետ կապված միջադեպը լայն հասարակական հնչեղություն է ստանում: Հիշեցնենք, որ  ապրիլի 7 -ին  չորս զինված հանցագործներ ներխուժել էին գործարարի տուն եւ սկսել ծեծի ենթարկել ոչ միայն տանտիրոջը, այլ տան մնացած անդամներին` կանանց եւ անգամ փոքրիկ երեխաներին: Սարգսյանին հաջողվել էր խոհանոցի դանակով մահացու վիրավորել նրանցից երեքին, չորրորդը փախուստի էր դիմել:

Ներկայումս Սարգսյանը բազմաթիվ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: Ըստ ԶԼՄ-ների` թե փորաձգետները, թե հարեւանները համակարծիք են, որ ընտանիքի ղեկավարն արել է ամեն ինչ` ընտանիքը պաշտպանելու համար:

Ռուսաստանի հայերի միությունն այս կապակցությամբ հայտարարել է, որ արդեն կապվել են համապատասխան պետական մարմինների հետ, որոնք հաստատել են, որ մարզային եւ տեղական իշխանությունները  ակտիվորեն զբաղվում են գործի հետաքննությամբ եւ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում ինչպես Սարգսյանին, այնպես էլ նրա ընտանիքի անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու հարցում:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրավիճակին եւ պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել մեր հայրենակցի ընտանիքին»,-ասված է ՌՀՄ հայտարարության մեջ:

Բացի այդ, Ռուսաստանի հայերի միությունում համոզված են, որ անհրաժեշտ հետաքննչական գործողություններից հետո որոշակի հետեւություններ կարվեն եւ  արդար որոշում կկայացվի Գ. Սարգսյանի նկատմամբ, ով պաշտպանել է իր ընտանիքը: