Նյու Յորքից «Տիտանիկի» խորտակման վայր է ուղեւորվել Azamara Journey զբոսանավը` 440 ուղեւորներով։ «Տիտանիկը» խորտակվել էր 1912 թվականի ապրիլի 12-ին, եւ մեծագույն ողբերգությունից 100 տարի անց աշխարհը զոհվածներին հարգանքի տուրք է մատուցում։
Զբոսանավի ուղեւորներից շատերը հագնվել են նախորդ դարասկզբի ոճով, հայտնում է «vesti.ru»-ն։ Զբոսանավը մինչ ողբերգության վայրը հասնելը կանգ կառնի կանադական Նոր Շոտլանդիա նահանգի Գալիֆաքս նավահանգստում։ Այնտեղ երթուղու մասնակիցները կայցելեն գերեզմանատուն, որտեղ ամփոփված են «Տիտանիկի» 150 ուղեւորների մնացորդները, որոնց մարմինները գտել էին ծովում։ Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին անգլիական Սաութհեմփթոն նավահանգստից այլ զբոսանավ էր դուրս եկել՝ Balmoral-ը։ Նա ուղեւորվել էր Նյու Յորք այն ուղով, որը ճշտորեն կրկնում էր լեգենդար «Տիտանիկի» ուղին։ Նրա վրա գտնվում են 1309 ուղեւորներ։
Նախատեսվել էր, որ երկու նավերը միաժամանակ կհասնեն «Տիտանիկի» վթարի վայր, եւ ապրիլի 15-ի գիշերը ճանապարհորդողները հիշատակի արարողության կմասնակցեն` ծաղիկներ նետելով Ատլանտիկայի հյուսիսային այն հատվածում, որտեղ խորտակվել էր նավը:
Սակայն Balmoral-ը ստիպված է եղել ապրիլի 10-ին վերադառնալ Իռլանդիայի ափեր` անբարենպաստ եղանակի եւ ուղեւորներից մեկի հիվանդության պատճառով: Եւ այժմ անհասկանալի է` կարող է նավը ժամանակին հասնել «Տիտանիկի» վթարի վայր:
Նախապես Azamara Journey-ով ութօրյա ճամփորդության տոմսերն արժեին 4900-ից մինչեւ 6750 դոլար: Սակայն ճանապարհ ընկլնելուց մի քանի օր առաջ նվազել էին մինչեւ 999-ի:
«Տիտանիկը» բրիտանական White Star Line նավագնաց ընկերության խոշորագոյն շոգենավն էր եւ իր ժամանակի ամենամեծ զբոսանավը:
Ողբերգական հանգամանքների բերումով նրա առաջին իսկ ուղեւորությունը Սաութհեմփթոնից Նյու Յորք դարձավ վերջինը:
1912 թվականի ապրիլի 15-ին «Տիտանիկը» սուզվել էր՝ Ատլանտիկայի ջրերում բախվելով այսպես կոչված «սեւին» այսինքն մուգ կապույտ գույնի շրջված սառցաբեկորի հետ, որը ոչ մի արտացոլանք չի ունեցել։ Հենց այդ հանգամանքն էլ դարձել էր անձնակազմի կողմից արգելքի ուշ հայտնաբերման գլխավոր պատճառը։ Զբոսանավում գտնվել են 2224 մարդ (ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ), որոնցից 1513-ը զոհվել են։




























