ԿԺԴՀ-ն սկսել է «Ընհա-3» հրթիռը վառելիքով լիցքավորելը։ Այդ մասին հայտարարել է Կորեական հանձնաժողովի տիեզերական տեխնոլոգիաների պաշտոնական ներկայացուցիչը։
Հրթիռի մեկնարկի ամսաթիվը նախկինի պես գաղտնի է պահվում։ Կորեական հանձնաժողովի տիեզերական տեխնոլոգիաների ներկայացուցիչը սահմանափակվել է հայտարարությամբ, որ «հրթիռի վառելիքով լիցքավորումը կավարտվի սահմանված ժամանակում», հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։
Հյուսիսային Կորեան մարտի կեսերին հայտարարել էր ապրիլին «Ընհա-3» («Հարդագողի ճանապարհ») «Քվանմենսոն-3» կապի արբանյակով («պայծառ աստղ») հրթիռակրի մեկնարկի մտադրության մասին։ Հաղորդվում էր, որ հրթիռի մեկնարկը տեղի կունենա ապրիլի 12-16-ը։ Ճապոնիան եւ Հարավային Կորեան հայտարարել էին, որ կխփեն հյուսիսկորեական հրթիռն այն դեպքում, եթե նրա թռիչքի ուղին անցնի նրանց տարածքով։
Միաժամանակ, ինչպես ապրիլի 11-ի մամլո ասուլիսում հաղորդեց Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան, Ճապոնիայի կառավարությունը ԿԺԴՀ-ի հրթիռի ծրագրված մեկնարկի կապակցությամբ նոր աշխատակարգ կորդեգրի, Ճապոնիայի վարչապետի գրասենյակին առընթեր ճգնաժամային գրասենյակ կստեղծվի:
Ապրիլի 11-ի երեկոյան վարչապետը, երկրի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները կանցնեն շուրջօրյա պատրաստականության ռեժիմի։ Սկսած հինգշաբթի օրվանից՝ ապրիլի 12-ից, մինչեւ երկուշաբթի՝ ապրիլի 16-ը, բոլոր նախարարությունները եւ նախարարությունների ղեկավարությունը պարտավոր են աշխատանքի գալ մինչեւ առավոտյան 7-ը. դա կապված է արբանյակով հրթիռի մեկնարկի նախատեսված ժամանակի հետ։ Սովորաբար նախարարությունների աշխատանքային օրն սկսվում է առավոտյան 8.30-9.30-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։




























