Հայտնի չինացի քաղաքական գործչի` Բո Սիլայի կնոջը` Գու Կալային, մեղադրում են բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդի սպանության մեջ:

Ինչպես գրում է Daily Telegraph-ը, Չինաստանի ոստիկանությունը կրկնակի հետաքննություն է անցկացրել անցած տարվա նոյեմբերին Չունցին քաղաքում սպանված բրիտանացի Հեյվուդի մահվան պատճառները պարզելու նպատակով: Հետաքննության արդյունքում, քննիչները եկել են այն եզրահանգման, որ գործարարին սպանել են: Չինաստանի իրավապահ մարմինները պաշտոնապես հաստատել են Գու Կալայի ձերբակալման փաստը:

Չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրները, նշում է, որ Բո Սիլայի կինը եւ որդին մտերիմ հարաբերություններ են ունեցել Հեյվուդի հետ, սակայն նրանք ֆինանսական հարցերի հետ կապված տարակարծություններ են ունեցել, որոնք ժամանակի ընթացքում ավելի են խորացել:

Բո Սիլային հեռացրել են քաղբյուրոյի եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության կազմից: Նա հայտնվել էր քաղաքական սկանդալի կենտրոնում, երբ մարտ ամսին բացահայտվել էր, որ նրա օգնականը գաղտնի փաստաթղթեր է փոխանցում ԱՄՆ-ին: