Լեռնային Ղարաբաղի հանրապետության Պաշտպանության նախարարությունում հերքել են ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր, ԼՂՀ եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում, Ֆիզուլիի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, այդ տեղեկությունը ադրբեջանական քարոզչական մեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:

«Ղարաբաղյան կողմից «կորուստների» մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ընդգծել է ԼՂՀ ՊՆ ներկայացուցիչը, հավելելով, որ ադրբեջանցի զինվորի վիրավորվելու պատճառները պետք է որոնել ադրբեջանական բանակում:

«ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են հրադադարի ռեժիմի հապհանմանը:

Ադրբեջանական զինված ուժերը, հակառակը, շարունակում են պարբերաբար խախտել պայմանավորվածությունները»,-ընդգծել է Սենոր Հասրաթյանը:

Ադրբեջանականա լրատվամիջոցների փոխանցմամբ, որոնք վկայակոչում են այդ երկրի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուին, նախօրեին վիրավորվել է 18-ամյա զինվոր Այհան Մուստաֆաեւը: ««Փոխհրաձգության արդյունքում մեկ զինվոր վիրավորվել է, կա տեղեկություն, որ հակառակորդ կողմից մեկ մարդ մահացել է, մի քանիսը` վիրավորվել»,-հայտարարել էր Սաբիրօղլուն: