Տուլայում հայ գործարարի ընտանիքին պաշտպանության տակ են վերցրել: ՆԳՆ աշխատակիցները շուրջօրյա ապահովում են Գեղամ Սարգսյանի եւ նրա հարազատների անվտանգությունը:

Պաշտպանության տակ են գործարարի տունը եւ հիվանդասենյակը, որտեղ նա պառկած է: Առանձին ոստիկան է կցվել 12-ամյա թոռանը, որը վերջին դեպքերով պայմանավորված` ստիպված է եղել բաց թողել դպրոցական պարապմունքները, հաղորդում է «Ուրալինֆորմբյուրոն»:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի հայերի միությունը, որը խոստացել է վերահսկողության տակ առնել այդ գործը եւ աջակցել գործարարին եւ նրա ընտանիքին:

Ինչպես հայտնի է, ողբերգական պատմությունը տեղի է ունեցել 2012թ. ապրիլի 7-ին: Բոգորոդիցկիի շրջանի Օկտյաբրսկայա ավանում ավազակային հարձակում է կատարվել գործարար Գ. Սարգսյանի տան վրա: Չորս հանցագործներ  (ինչպես պարզվեց, նախկինում դատված), ատրճանակով, դանակներով եւ բեյսբոլի հարվածիչներով զինված, ներխուժել են տուն եւ  սկսել ծեծել ոչ միայն տանտիրոջը, այլեւ նրա կնոջը եւ  անգամ մանկահասակ չորս երեխաներին, որոնցից ամենակրտսերը գրեթե մեկ տարեկան է:

Գ. Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքին, վերցրել է խոհանոցային դանակը եւ հարվածներ է հասցրել հարձակվողներին, որոնց հետեւանքով երեքը տեղում մահացել են:

Այժմ Գ. Սարգսյանը գտնվում է հիվանդանոցում բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Ըստ լրատվամիջոցների հաղորդման` ե’ւ փորձագետները, ե’ւ հարեւանները վկայում են, որ ընտանիքի գլխավորն արել է ամեն ինչ, որպեսզի պաշտպանի իր հարազատներին:

Մինչդեռ հետաքննությունը չի բացառում, որ տղամարդը գերազանցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանները:

Ձեռնարկատերի պաշտպանությամբ է հանդես եկել Տուլայի նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւը: «Նա իսկական տղամարդ է, եւ նրան չենք թողնի նեղացնել» - գրել  նա իր Twitter-ում:

Իրավաբանների կարծիքը Տուլայի հերոսի հետագա ճակատագրի վերաբերյալ տարբերվում են: Ոմանք կարծում են, որ նրա գործողությունների օրինականությունը կասկածից դուրս է, մյուսները վստահ են, ռուսական դատական պրակտիկայում գրեթե անհնար է ապացուցել, որ մարդը գործել է ինքնապաշտպանության սահմաններում: Այդ սահմանների գնահատման ժամանակ ի հայտ են գալիս բազմաթիվ սուբյեկտիվ պահեր, եւ դատարաններն ամենից հաճախ մեղադրական դատավճիռ են կայացնում:

Այստեղ կարող է օգնել հոգեբանահոգեբուժական փորձաքննությունը, որ տղամարդը գտնվել է աֆեկտի վիճակում: