Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից շահագործվող 15 հորատանցքերը, որտեղ չափվում է ստորգետնյա ջրերի մակարդակը, մոտ ապագայում կվերազինվեն ու կավտոմատացվեն: Այս մասին նշվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, ապրիլի 10-ին տեղի ունեցած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

Վերազինումից հետո 15 հորատանցքերից ստացվող տվյալներն իրական ժամանակում կփոխանցվեն սեյսմիկ ծառայություն։ ՍՊԱԾ մասնագետները, կարճ ժամանակում մշակելով ու վերլուծելով այդ տվյալները, պատրաստ տեղեկատվությունը կհաղորդեն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։ Ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունների վերաբերյալ տվյալներն օգտագործվում են հնարավոր ստորգետնյա ցնցումների կանխատեսման համար։ Նախատեսվում է նաեւ հորատանցքերից ստացվող տվյալները փոխանակել Վրաստանի համանման կառույցի տեղեկատվության հետ։

ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում ակտիվ քննարկումներ են ընթանում` կապված Գառնիի դիտարանի արդիականացման հետ։ Քննարկումներին ներգրավվել են Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականներ ու սեյսմաբաններ։ Նշվել է, որ Գառնիի դիտարանը պետք է դառնա աշխարհում ճանաչված կենտրոն, եւ այդ նպատակով դիտարանը կվերազինվի ու կարդիականացվի, ինչպես նաեւ կվերագործարկվի Գառնիի դիտարանում գտնվող դեֆորմոգրաֆ սարքավորումը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում նախարարության ներկայացուցչական խումբը կմեկնի Գառնի` տեղում խնդիրը մանրակրկիտ ուսումնասիրելու համար։