Լատվիայում նախորդ տարի դոնորական 32 օրգաններ չեն օգտագործվել, այդ թվում` սիրտ, լյարդ, թոքեր եւ ենթաստամոքսային գեղձ: Դոնորական օրգանների կարիք ունեցող մարդիկ այդպես էլ դրանք չեն ստացել, իսկ դժվարությամբ ձեռք բերված օրգաններն ուղղակի դեն են նետվել` հիվանդների անբավարար միջոցների պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Delfi-ն, Լատվիայի փոխպատվաստման կենտրոնի տնօրեն Ռաֆայիլ Ռոզենթալը պատմել է, որ նախորդ տարի հնարավորություն է եղել օգտագործել 20 դոնորների օրգանները, բայց իրականում օգտագործվել են միայն չորսը:

Մասնավորապես, կարելի էր փոխպատվաստել 7 սիրտ, այնինչ միայն երեքն է արվել, որովհետեւ մնացածի համար փող չի եղել, քանի որ պետությունը նման վիրահատությունների համար չի վճարում:

«Մենք նաեւ դեն ենք նետել 19 լյարդ, թեպետ Լատվիայում ամեն տարի լյարդի փոխպատվաստման կարիք ունեն 30-40 մարդ», - հայտնել է Ռոզենթալը: Ըստ նրա` չեն օգտագործվել նաեւ  դոնորական 5 թոքեր եւ   ենթաստամոքսային 4 գեղձ:

2002 թվականից սկսած Լատվիայում  9  տղամարդու եւ 36-ից 61 տարեկան երկու կնոջ սրտի փոխպատվաստման  վիրահատություն  է արվել: Իրենց հերթին, 63 հիվանդներ այս 10 տարիների ընթացքում մահացել են` այդպես էլ չսպասելով վիրահատության իրենց հերթին: