«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը լքել են Աշխեն Մանուկյանը, Կարինե Մկրտչյանը եւ Մերիի Ղոնյանը: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՕԵԿ  մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը:

Նրանց համամասնական ցուցակը լքելու պատճառը, ՕԵԿ մամուլի քարտուղարի խոսքով,  տեղամասային հանձնաժողովներում աշխատելն է, ինչպես նաեւ այլ կուսակցական աշխատանքներով զբաղվելը:

Հարություն Ամիրյանի խոսքով՝ նրանց ինքնաբացարկ հայտնելու որոշումը քննարկվել է կուսակցությունում եւ դա համատեղ որոշում է: Մամուլի քարտուղարը հերքեց տեղեկությունները, թե նրանք լքում են ՕԵԿ-ը եւ կուսակցությունը լքողների թիվը կավելանա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ՕԵԿ-ում բողոքի նոր ալիք է բարձրացել, եւ այս անգամ դժգոհողները կանայք են:  ԿԸՀ-ն  ընդունել է ՕԵԿ համամասնական ցուցակից դուրս գալու` Աշխեն Մանուկյանի, Կարինե Մկրտչյանի եւ Մերի Ղոնյանի ինքնաբացարկի դիմումները: Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Աշխեն Մանուկյանը զբաղեցնում էր ցուցակի 45-րդ հորիզոնականը: «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Կարինե Մկրտչյանը ցուցակի 90-րդ հորիզոնականում էր: Իսկ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի մասնաճյուղի լաբորանտ Մերի Ղոնյանին բաժին էր հասել ցուցակի 169-րդ հորիզոնական Չի բացառվում, որ առաջիկայում ՕԵԿ ցուցակը լքող կանայք ավելանան: