Հայաստանում, նախորդ ամսվա դրությամբ, ինտերնետի արագությունը հասել է 4.54 Մբ/վրկ-ի: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը: Ինտերնետի արագությամբ Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին, ու մոտեցել է Վրաստանի ցուցանիշին: Սակայն IP հասցեների քանակով Հայաստանը գերազանցում է նաեւ Վրաստանին:
Վ. Դանիելյանի տեղեկացմամբ` IP-երի 60%-ը պատկանում է «Արմենթելին», որի միջին արագությունը 1.78 Մբ/վրկ է, «Յուքոմն» ունի 27 հազ. IP եւ 10 Մբ/վրկ, «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն եւս ունի 10 Մբ/վրկ արագություն:
Ըստ Վ. Դանիելյանի` ամեն ամիս 2-3 տասնորդականով ինտերնետի արագությունը ավելանում է: Ինտերնետի արագության աճը արտացոլվում է նաեւ Համաշխարհային տնտեսական ֆորումի ցանցային պատրաստվածության վարկանիշում: «Եթե մեկ տարի առաջ 116-րդն էինք, ապա ներբեռնման արագությամբ ներկայում 70-րդն ենք, վերբեռնմամբ` 40-րդ: Վերբեռնմամբ ֆանտաստիկ արագության ենք հասել»,- ասաց Վ. Դանիելյանը:
Նշենք, որ ինտերնետի արագությամբ աշխարհում առաջատարը Հարավային Կորեան է` ներբեռնման մոտ 12 մբթ/վրկ արագությամբ: Հարավային Կորեային հաջորդում են Հոնգ Կոնգը (10,5 Մբ/վ), Ճապոնիան (8,9 Մբ/վ), Լատվիան (8,9 Մբ/վ), Նիդեռլանդները (8,5 Մբ/վ), Շվեյցարիան (7,5 Մբ/վ), Չեխիան (7,3 Մբ/վ), Իռլանդիան (7 Մբ/վ), Ռումինիան (6,6 Մբ/վ): Տասնյակը եզրափակում է Դանիան (6,3 Մբ/վ):




























