Ես չեմ ցանկանում մեկնաբանել «Ժառանգության» փոխնախագահի հայտարարությունը: Այդ մասին, այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը` պատասխանելով լրագրողների հարցերին: Նշենք, որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասին իրար միջեւ են բաժանել ընտրատարածքները, եւ մեկ օրով վերցնում են քաղաքացիների անձնագրերը:
Նա նաեւ չի մեկնաբանել այն նկատառումը, որ «Ժառանգությունն» իր գործողությամբ ցանկանում է ԲՀԿ-ին դուրս հանել ընտրությունների վերահսկման միասնական շտաբից. «Հարցրեք պարոն Հակոբյանին»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է նա նկատի ունեցել, երբ հայտարարել է, որ տարբեր գաղտնի մեթոդներ են օգտագործվում ընտրողների վրա ճնշում գործադրելու համար` Օսկանյանը նշել է. «Ես սկսել եմ շփվել ժողովրդի հետ, եւ ինձ տարբեր միջադեպեր են պատմում, որը վկայում է ազդեցության տարբեր մեթոդների կիրառման մասին: Հետեւաբար, պետք է շտապ անցնել շտաբի աշխատանքին: Յուրաքանչյուր ընտրողի ձայն պետք է պաշտպանվի, եւ մենք կգործադրենք բոլոր ջանքները, որպեսզի դա կյանքի կոչենք: Ես չեմ ցանկանում մեկնաբանել, թե ով է կանգնած դրա ետեւում, քանի որ դա ակնհայտ է»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը ապրիլի 4-ին համաձայնագիր են ստորագրել ընտրությունների վերահսկման համար միասնական շտաբի ձեւավորման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցած ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել փաստաթղթի տակ: Սակայն, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի միջեւ մի շարք հակասություններ են առաջացել:




























