Պուտինը համաձայն է Սահմանադրության նախագահական երկու ժամկետների վերաբերյալ դրույթից հանել «անընդմեջ» բառը: Այդ մասին նա հայտարարել է Պետդումայի նիստում` պատասխանելով ՌԴ կոմկուսի ներկայացուցիչ, կինոռեժիսոր Վլադիմիր Բորդկոյի հարցին:
«Ես կարծում եմ, որ խելամիտ է Սահմանադրության մեջ նշված երկու ժամկետ անընդմեջ արտահայտությունը պարզապես երկու ժամկետով փոխարինելը, հարկավոր է մտածել, մենք դա պետք է անենք բոլոր խմբակցությունների հետ համատեղ»,- ասել է նա:
Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ այդ դեպքում իրեն հնարավորություն կընձեռվի եւս երկու անգամ նախագահ ընտրվել, նշում է REGIONS.RU-ն:
«Մենք արդեն մեծ մարդիկ ենք, հասկանում ենք` ինչ ենք խոսում: Օրենքը հետադարձ ուժ չունի, ինձ այն չի վերաբերի: Այս ժամկետից հետո ես կարող եմ եւս երկու ժամկետ աշխատել», – հստակեցրել է Պուտինը:
Պուտինն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000թ., երկրորդ անգամ` 2004-ին: 2008թ. նախագահական ընտրություններին նա աջակցել է Դմիտրի Մեդվեդեւին, իսկ 2012թ. կրկին ընտրվել է պետության ղեկավար:




























