Տուլայում հայ գործարարն իր ընտանիքի վրա հարձակված երեք ավազակների սպանության համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Քննությունն այն եզրակացությանն է հանգել, որ Գ. Սարգսյանը գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում:
«Քրեական գործով նա հանդիսանում է վկա եւ տուժող: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է նշել, որ իրավաբանական վերջնական գնահատականները կտրվեն քննչական գործողությունները լիարժեք ծավալով իրականացնելուց հետո», - նշել է Մարկինը, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:
Նրա խոսքով`քննությունը դատախազությանը միջնորդություն է ներկայացրել գործարարի ընտանիքի վրա ավազակային հարձակում կատարելու մասին գործը ընդունելու եւ այն ոստիկանության մարմիններից վերցնելու համար:
«Բացի այդ, այժմ միջոցներ են ձեռնարկվում ավազակային հարձակման չորրորդ հանցակցին բռնելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ քննությունը միջոցառումներ է ձեռնարկել Սարգսյանին եւ նրա ընտանիքի անդամներին պաշտպանելու համար», - ասել է ՌՔՀ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, ավելի վաղ տեղական Քննչական հանձնաժողովի վարչությունում չէին բացառել այն վարկածը, որ տանտերը գերազանցել է անհրաժեշտ ինքնապաշտպանությունը:
Ինչպես հայտնի է, ողբերգական պատմությունը տեղի է ունեցել 2012թ. ապրիլի 7-ին: Բոգորոդիցկիի շրջանի Օկտյաբրսկայա ավանում ավազակային հարձակում է կատարվել գործարար Գ. Սարգսյանի տան վրա: Չորս հանցագործներ (ինչպես պարզվեց, նախկինում դատված), ատրճանակով, դանակներով եւ բեյսբոլի հարվածիչներով զինված, ներխուժել են տուն եւ սկսել ծեծել ոչ միայն տանտիրոջը, այլեւ նրա կնոջը եւ անգամ մանկահասակ չորս երեխաներին, որոնցից ամենակրտսերը գրեթե մեկ տարեկան է:
Գ. Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքին, վերցրել է խոհանոցային դանակը եւ հարվածներ է հասցրել հարձակվողներին, որոնց հետեւանքով երեքը տեղում մահացել են:
Այժմ Գ. Սարգսյանը գտնվում է հիվանդանոցում մարմնական բազմաթիվ վնասվածքներով:




























