Աստրախանում ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր շարժման ակտիվիստ Իլյա Յաշինին` կրեմլամետ «Նաշի» («Մերոնք») շարժման մասնակիցների հետ ծեծկռտուքի համար: Ավելի ուշ բլոգերները հայտնել են, որ ձերբակալվել է ծեծկռտուքի եւս մեկ մասնակից:
Աստրախանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը, Twitter-ում գրել է, որ ծեծկռտուքը հրահրել են «Նաշի»-ի անդամները:
Ավելի վաղ Իլյա Յաշինն իր բլոգում նշել էր, որ ինքը, Ալեքսեյ Նավալնիի, Դմիտրի Գուդկովի եւ Սերգեյ Պարխոմենկոյի հետ Աստրախանում, Կիրովի հրապարակում նստացույց են կազմակերպել: Այսօր այդ ակցիային միանալու մտադրություն է հայտնել հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, հաղորդում է RBK-ն:
Հիշեցնենք, որ սկանդալն Աստրախանում սկիզբ է առել մարտի 4-ին` քաղաքապետի ընտրություններից հետո: Պաշտոնական տվյալներով. այդ ընտրություններում հաղթել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Միխայիլ Ստոլյարովը:
Երկրորդը եղել է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության թեկնածու Օլեգ Շեինը, սակայն էքզիթ-փոլի արդյունքները կտրուկ տարբերվել են ԿԸՀ կողմից ներկայացված արդյունքներից: Հարցումները ցույց են տվել, որ ընտրություններում մեծ տարբերությամբ առաջատար է եղել էսեռ Շեինը: Որպես բողոքի նշան նա հացադուլ է հայտարարել, որից հետո 25-րդ օրը քաղաքում անկարգություններ են սկսվել:
Այսօր ԿԸՀ փոխնախագահ Լեոնիդ Իվլեւը հայտարարել է, որ հիմք չի տեսնում Աստրախանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար:




























