Պետական դումայի շենքի մոտ ձերբակալված Ձախ ճակատի առաջնորդ Սերգեյ Ուդալցովին տուգանել են 2 հազար ռուբլով` չարտոնված ակցիա անցկացնելու փորձի համար: Ինչպես հայտնել է անձամբ Ուդալցովը, տուգանքը սահմանել է դատավոր Օլգա Բորովկովան:
Դատավորը ճշմարտացի չի համարել ընդդիմախոսի եւ նրա կողմնակիցների ցուցմունքները, եւ որոշումը կայացնելիս առաջնորդվել է ոստիկանության աշխատակիցների հայտարարություններով, որոնք իրականացրել են ձերբակալությունը: Այսպես, նրանցից մեկը հայտարարել էր, որ Ուդալցովը «Ամոթ, ամոթ իշխանությանը» կոչեր էր բղավել: Սակայն, ոստիկանության մեկ այլ աշխատակից, որը հարցաքննվել է նիստի ընթացքում, հայտարարել էր, որ ոչինչ չի լսել:
Անձամբ ընդդիմադիրը դատից հետո հայտարարել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ վճռի հետ համաձայն չէ, եւ այն կբողոքարկի: «Ինձ մոտեցան ոստիկանության աշխատակիցները, ոլորեցին ձեռքերս եւ նստեցրին մեքենան: Ես ոչ մի կարգախոս էլ չէի գոռում, ոչ մի բանի կոչ չէի անում: Ես ոչ մի իրավախախտում չեմ կատարել», - ասել է ընդդիմադիրը, հայտնում է gazeta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ձախ ճակատի առաջնորդ Սերգեյ Ուդալցովը եւ եւս մի քանի ակտիվիստներ ձերբակալվել էին ապրիլի 11-ի առավոտյան` Մոսկվայում «Սպիտակ Դումա» ակցիայի ժամանակ:
«Ակցիայի ընթացքում քաղաքացիները մտադիր են հնչեցնել Վլադիմիր Պուտինին ուղղված գլխավոր հարցը, որը դժվար թե հարցնեն պատգամավորները. «Ե՞րբ Ռուսաստանում ի հայտ կգա արդար եւ ազատ ընտրություններում ընտրված լեգիտիմ իշխանություն», – ասվել էր Ձախ ճակատի հայտարարության մեջ:
Սակայն ընդդիմադիրները հազիվ են հասցրել մոտենալ խորհրդարանի շենքին, երբ «օրենքի պահապանները» ամբոխից դուրս են բերել Ուդալցովին եւ նստեցրել իրենց մեքենան, որն անմիջապես հեռացել է:




























