Ցունամիի վտանգի մասին զգուշացնող խաղաղօվկիանոսյան կենտրոնը (PTWC) չեղյալ է հայտարարել ցունամիի սպառնալիքը, որը հայտարարվել էր Ինդոնեզիայի ափերին հզոր երկրաշարժերի շարքից հետո: Ցունամիի սպառնալիքի չեղյալ հայտարարելը վերաբերում է Հնդկական օվկիանոսի ավազանի բոլոր երկրներին:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում` Սումատրա կղզու վրա ապրիլի 11-ին տեղի ունեցած 8,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո, 8,2 մագնիտուդով ուժեղ հետցնցում է գրանցվել: Երկրաշարժի օջախը գտնվել է 16,4 կմ խորության վրա: Հիպոկենտրոնը Բանդա-Աչեխ քաղաքից 615 կմ հարավ-արեւմուտք է եղել:

Ավելի վաղ Թաիլանդի իշխանությունները հայտարարել էին առանձին շրջաններից քաղաքացիների տարհանման մասին, կապված ցունամիի վտանգի հետ: Փհուկետ կղզում փակվել է միջազգային օդանավակայանը: Հնդկաստանի իշխանությունները որոշել են Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիներից տարհանել մի քանի հազար մարդու:

Այդուհանդերձ Ինդոնեզիայի ափերին ցունամիի վտանգը դարձել է Twitter-ում ամենաքննարկվող թեման: Twitter-ի համաշխարհային եւ ռուսական թրենդներում են հայտնվել  միանգամից մի քանի բառեր, որոնք կապված են ցունամիի հետ: Գլխավոր համաշխարհային թեմաներում են հայտնվել Sumatra (Սումատրա կղզի), Indian Ocean (Հնդկական օվկիանոս), Simeulue Island (Սիմելուե կղզի) եւ այլն: