Թուրք հայտնի իրավապաշտպան, Բելգե հրատարակչատան սեփականատեր, KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալված եւ ապրիլի 10-ին դատարանի որոշմամբ ազատ արձակված Ռագըփ Զարաքոլուն բանտից դուրս գալուց հետո կարճ հայտարարությամբ է հանդես եկել։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Ռագըփ Զարաքոլուն հայտարարել է, որ իր համար անակնկալ էր թե իր ձերբակալությունը, թե ազատ արձակումը։ Նա նշել է, թե շարունակելու է աշխատանքները  հասարակության մեջ՝ իրազեկելու քրդերի իրավունքների մասին։

Զարաքոլուի խոսքով՝ Թուրքիան հանդիսանում է ամենաշատ քաղբանտարկյալներ ունեցող երկիրը Չինաստանից հետո։

Նշենք, որ KCK-ի գործով պատրաստված 2400 էջանոց մեղադրական զեկույցում թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարվա ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարակչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։