Հայաստանի պաշտպանության նախարարությունում, այսօր` ապրիլի 11-ին, ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ-Գործարար խորհրդի հայկական մասի նախագահ Մ. Իսախանյանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի ղեկավարներ եւ անդամներ:
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոններ հիմնելու հարցեր:
Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի եւ Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջեւ ստորագրվել են շրջանակային պայմանագրեր:
Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինին եւ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա.Նոզդրաչովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկությունների միջեւ ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման փոխշահագրգռվածությունը:




























