Միջազգային միջնորդների «վեցյակի» հետ ապրիլի 14-ին կայանալիք բանակցությունների ընթացքում Թեհրանը պատրաստվում է նոր նախաձեռնություններ առաջարկել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Իրանի ներկայացուցիչները բանակցություններում հանդես կգան նոր նախաձեռնություններով, եւ մենք հուսով ենք, որ «վեցյակի» երկրները եւս  կառուցողական մոտեցում կցուցաբերեն»,-ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին: Նրա խոսքով` Թեհրանը պատրաստ է «վեցյակի» հետ համագործակցության վերաբերյալ հաջող բանակցություններ անցկացնել, իսկ Իրանի հասցեին սպառնալիքները երբեք չեն կարող արդյունք տալ:

Նշենք, որ մարտի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ իր երկիրը մյուս պետություններին կստիպի հրաժարվել իրանական նավթից: Միաժամանակ` ԱՄՆ կիրառում է նաեւ «խրախուսման» պրակտիկա. մարտի 20 -ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե Վաշինգտոնը «միտքը փոխել է» եւ պատժամիջոցներ չի կիրառի այն 11 երկրների եւ նրանց ֆինանսական ընկերությունների նկատմամբ, որոնք կամավոր կհրաժարվեն իրանական նավթից: