Սիրիայում ուժի մեջ է մտել կառավարական բանակի եւ զինված ընդդիմության միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը: Մարտական բոլոր գործողությունները պարտավորվել են դադարեցնել դամասկոսյան ժամանակով ժամը 06:00-ին (Երեւանի ժամանակով` 07:00-ին):
Այս հաշտությունը ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի միջնորդական ջանքերի արդյունքն էր:
«Սիրիական քաջարի զինված ուժերը նման քայլի դիմելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ հաջողությամբ ավարտել են ահաբեկչական խմբավորումներին դիմակայելը եւ վերահսկողություն են սահմանել ամբողջ երկրի տարածքում», - ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում, գրում է «Ռոսիսկայա գազետան»:
Ընդդիմությունն ի դեմս Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) փորձում է հասնել քաղաքներից ռազմական տեխնիկայի ամբողջական դուրսբերմանը: Եթե այդ պայմանը 48 ժամվա ընթացքում չկատարվի, գրոհայինները խոստանում են վերսկսել զինված բախումները;




























