Սիրիայում կառավարության եւ ընդդիմության միջեւ մարտական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նոր բախումներ չեն նկատվել, հաղորդում է Reuters-ը` հղում անելով ընդդիմության ներկայացուցիչներիին:
Հիշեցնենք, համաձայնագիրն ուժի մեջ է մտել հինգշաբթի օրը ժամը 06.00-ին (երեւանյան ժամանակով 07.00-ին):
Միաժամանակ, «Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը» (OSDH) հաղորդել է, որ սիրիայի հարավ-արեւմուտքում գտնվող Զաբադանի քաղաքում պայթյունների ձայներ են լսելի, սակայն աղբյուրի հավաստիությունը կասկածելի է: Ռուսական դիվանագիտական գերատեսչության հաղորդմամբ` OSDH-ում ընդամենը երկու մարդ են աշխատում (ղեկավար եւ քարտուղար-թարգմանիչ), իսկ այն գլխավորող Ռամի Աբդուրախմանը մշտապես բնակվում է Լոնդոնում, որտեղ խորտկարան ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ կդադարեցնեն ռազմական գործողությունները ապրիլի 12-ից, ժամը 06.00-ից: Կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին ապրիլի 10-ին հայտարարել էր նաեւ սիրիական ընդդիմությունը: Միաժամանակ ընդդիմությունը նշել էր, որ եթե կառավարական զորքերը մինչեւ ապրիլի 12-ը չլքեն Սիրիայի քաղաքները, ապստամբները կշարունակեն պայքարը:




























