Հայտնի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնին մեղադրել են հակասեմականության մեջ: Մեղադրանքը գրավոր տեսքով ներկայացրել է սցենարիստ Ջո Էսթերհազը, ում հետ Գիբսոնը միասին աշխատել է Հուդայի մասին պատմող ֆիլմի պատրաստման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Deadline.com-ը, Գիբսոնը նախորդ տարվա սեպտեմբերին Warner Bros ստուդիայի օժանդակությամբ սկսել է աշխատանքը այդ ֆիլմի սցենարի վրա, Էսթերհազի հետ միասին, ով հանրությանն առավել հայտնի է «Հիմնական բնազդ» ֆիլմից:
Սցենարի առաջին տարբերակից ստուդիան դժգոհ է մնացել եւ ֆիլմի ապագան հարցականի տակ է դրվել: Դրանից հետո Էսթերհազը նամակ է հրապարակել, որտեղ Գիբսոնին մեղադրել է հակասեմական հայհոյանքների մեջ, որն ինքը ստիպված է եղել հանդուրժել միասին աշխատանքի ժամանակ:
Իր պատասխանում Գիբսոնը նշել է, որ Էսթերհազի ներկայացրած փաստերի, պնդումների եւ գործողությունների մեծ մասը բացարձակ հորինվածք է: Դերասանը համարում է, որ խնդիրներն ի հայտ են եկել այն բանից հետո, երբ Warner Bros-ը հրաժարվել է Էսթերհազի սցենարից: Ընդ որում, Էսթերհազի սկզբնական նամակը պարբերականը նախընտրել է չներկայացնել, քանի որ համարել է, որ դրա տեքստը չի համապատասխանում պարկեշտության սահմաններին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Գիբսոնը խոստովանել է, որ որոշակի հանգամանքներում կարող էր լինել կտրուկ, «ինչպես դա հատուկ է ստեղծագործ մարդկանց մեծամասնությանը»:
Միաժամանակ, Գիբսոնը եւս Էսթերհազի սցենարը անորակ է համարել:
Նշենք, որ ա առաջին անգամ չէ, որ Գիբսոնին մեղադրում են հակասեմականության մեջ: Դեռեւս 2006-ին նա ստիպված էր ներողություն խնդրել ոստիկանների հետ խոսակցության ժամանակ թույլ տված արտահայտությունների համար, երբ նրան կանգնեցրել էին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:




























