Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը անվավեր ճանաչելու նպատակով  նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, իսկ այսօր` մինչեւ օրվա վերջ, պատրաստվում են  հայցադիմում ներկայացնել դատարան: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Սուրեն Զոլյանը` հավելելով, որ դիմել է նրանց, ովքեր իրավունք ունեն վերացնելու նախարարի հրամանը: Նրա խոսքով` եթե ինքը դիմել է, ուրեմն` լուրջ հիմքեր ունի. «Դա ակնհայտ պարզ գործ է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Սուրեն Զոլյանը դարձել է ԲՀԿ անդամ, ռեկտորի խոսքով, ինքը կուսակցական չէ ու կուսակցական դառնալու մտադրություն չունի: «Եթե ես լինեի ԲՀԿ-ի անդամ, ապա ես կզբաղեցնեի բավականին պատվավոր տեղ այդ ցուցակում, ինչպես իմ գործընկերները, ովքեր ընդգրկված են կամ ԲՀԿ-ի, կամ ՀՀԿ-ի ցուցակներում»,- նշեց նա: Սուրեն Զոլյանի խոսքով`պետք չէ նախարարի մասնագիտական եւ իրավական հմտությունների հարցը շփոթել կուսակցական պատկանելիության հետ, որովհետեւ ինքը անդրադառանում է նրան` որպես նախարար, ոչ թե որպես կուսակցական: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝  հայտարարվել է խիստ նկատողություն: Կարգապահական տուժը տրվել է այն բանի համար, որ վերջինս չի կատարել իր վերադասի հանձնարարականը, առանց հարգելի պատճառի բացակայել է երկրից,  ոչ պատշաճ կերպով է կատարել իր ծառայողական պարտականությունները:

Ի պատասխան Սուրեն Զոլյանը մեր թղթակցի հետ զրուցյում հայտարարել էր, թե Արմեն Աշոտյանի հրամանը կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելուն: Նա դիմել է դատարան եւ համոզված է, որ դատարանն անվավեր կհայտարարի այս անհեթեթ հրամանը: Ռեկտորը դիմելու է նաեւ վարչապետին, որպեսզի նա նախ վերացնի նշված հրամանը  եւ որոշի Արմեն Աշոտյանի  հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: 

Նշենք, որ լրատվամիջոներում տեղեկություններ էին տարածվել, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ նրա ու Հանրապետական կուսակցության անդամ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կոնֆլիկտը իրականում «կուսակցական հողի վրա է»: