Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ռուբեն Հայրապետյանը պատրաստ է բանավիճել Հայ ազգային կոնգրեսի ցուցակի առաջին 10 անդամների հետ, բացառությամբ երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Սարգսյանի, քանի որ նրան իր ընկերն է համարում: Այս մասին Ռ. Հայրապետյանը հայտարարել է այսօր` ապրիլի 12-ին, իր նախընտրական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով նույն ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված լրագրող Գայանե Առուստամյանի հայտարարությանը, ով իրեն հրավիրել է քաղաքական բանավեճի, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ինչ եք բերաններդ քցել, քաղաքական բանավե~ճ: Չեմ պատրաստվում կնոջ հետ բանավեճի նստել, հետո էլ պարզվի առավելություն ունեցա, եւ լավ զգամ, թե հաղթեցի: Ես Գայանե Առուստամյանին անձնապես ու հեռակա չեմ ճանաչում: Ես խորհուրդ կտամ, որ կոչ անի իրեն առաջադրած ուժի առաջին տասը համարին, բացի երրորդ համարից, ով իմ ընկերն է, (Արամ Սարգսյանը-խմբ.) թող գան նստեն քաղաքական բանավեճի: Պատրաստ եմ ցանկացած պահի, ցանկացած ֆորմատով: Տրամաչափի խնդիր կա:

Գայանեի ոճից հասկանում եմ, որ նմանվում է Նիկոլին, ղժղժան: Հանկարծ որ ճանկռեց, բա ինչ պիտի անեմ»:

Ռ. Հայրապետյանը տեղեկացրեց, որ նախընտրական շրջանում ամենօրյա հանդիպումներ է ունենալու, իսկ իր կարգախոսն էլ ՀՀԿ-ի կարգախոսն է` «Հավատանք, որ փոխենք»:

Դիտարկմանը, թե ընտրացուցակներում երկրից բացակայողներ եւ մեռած հոգիներ կան, նա արձագանքեց. «Ինձ ձայն տվողներից մեկին բերեն ցույց տան, որ մեռած հոգի է, ես պատրաստ եմ հրաժարական տալ»:

Հարցին, թե ընտրվելու դեպքում որ օրենքի վրա է անձամբ աշխատելու, գործարար պատգամավորը պատասխանեց. «Բազմաթիվ օրենքների, առաձինը սպորտի մասին օրենքն է լինելու»:

«Ես իմ շանսերը գնահատում եմ հավասար բոլոր թեկնածուների հետ: Ընտրության օրը կերեւա, թե ինչպես է ընտրում ընտրողը»,- ընդգծեց նա:

Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են ՀԱԿ-ից Գայանե Առուստամյանը, ՀՀԿ-ից Ռուբեն Հայրապետյանը, «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը եւ ինքնառաջադրմամբ Արսեն Մանուկյանը: