Ռուբեն Հայրապետյանը կդադարի հարգել իր ընկերոջը` Սամվել Ալեքսանյանին, եթե վերջինս ընդունի Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ բանավիճի նրա հետ: Այդ մասին Հայրապետյանն ասել է այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ղժղժան մի տղա ունի ՀԱԿ-ը, Նիկոլ է անունը, գոռում է` ՄԱՊ-ի Ալիկը, ՍԱՍ-ի Արտակը: Ափսոս այստեղ լիքը աղջիկներ կան, ես դաստիարակված մարդ եմ, չեմ ուզում ասել իր իրական անունը»,- նշեց Հայրապետյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը չի գնում բանավիճելու Նիկոլ Փաշինյանի հետ, Հայրապետյանը պատասխանեց. «Ալեքսանյանին կդադարեմ հարգել, եթե գնա` Նիկոլի հետ հավասարվի: Սամվել Ալեքսանյանի հետ թող գնա իր առաջնորդը, եւ Սամվել Ալեքսանյանը կապացուցի, թե ով է ավելի օգտակար` ինքը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ես չեմ պատկերացնում Սամվել Ալեքսանյանին Նիկոլի հետ: Ալեքսանյանը տենց տասնյակ հազարավոր աշխատողներ ունի»:
Հայրապետյանը հերքեց տեղեկությունները, թե հավաքել է Նոր-Նորքի 4-րդ զանգվածի մանկապարտեզի աշխատողներին իր ռեստորանում եւ հրահանգել ընտրել Սամվել Ֆարմանյանին: «Ես նման բան չեմ արել: Բայց եթե ասած լինեի, Սամվել Ֆարմանյանն իմ կուսակիցն է: Մանկապարտեզի որեւէ տնօրեն չի կարող ասել, թե բարեւել է ինձ»,- նշեց նա:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հանրապետականում կան անձինք, ովքեր չեն աջակցելու իրենց գործընկերներին, մասնավորապես Տիգրան Արզաքանցյանն ասել է, թե առհասարակ չի աշխատելու Մանվել Բադեյանի համար, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց հարցով. «Իսկ կարելի՞ է իմանալ` ո՞վ է Տիգրան Արզաքանցյանը: Կներեք` տեղը չեմ բերում, չեմ ճանաչում»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























