2012 թվականի տարեվերջին աղետի գոտում 2008-12 թ.թ. ծրագրով կառուցված բնակարանների (բնակելի տների) ընդհանուր թիվը կկազմի 4617: Այդ մասին այսօր` ապրիլի 12-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը:
Ծրագիրը նախատեսում է մոտ 6000 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծում: Այդ նպատակով ծախսվում են Ռուսաստանից ստացված վարկի միջոցները` 250 մլն դոլարի չափով (մոտ 92.5 մլրդ դրամ):
Շինարարության հիմնական կապալառուն «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունն է, որին ընդհանուր առմամաբ հատկացվել է 78.8 մլրդ դրամ` Շիրակի եւ Լոռու մարզերում բնակարանային շինարարության համար: Ընկերությունը կառուցել է 1747 բնակարան, կառուցման ընթացքում գտնվում է 2290 բնակարան (բնակելի տուն), իսկ 2012թ. պետք է կառուցվի եւս 423 բնակարան (բնակելի տուն):
Բացի այդ` բնակարանաշինական աշխատանքներ են իրականացվում Ստեփանավանում եւ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում:




























