Ապրիլի 12-ին Սուդանը օդային հարվածներ է հասցրել հարավսուդանական Բանթիո քաղաքին: Հարավային Սուդանի կառավարության աղբյուրն AFP-ին պատմել է, որ ռազմաօդային ուժերը սահմանից 60 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի վրա են նետել 5 ռումբ:
Ըստ որոշ տվյալների` թիրախն է եղել կամուրջը, որը գտնվում է Սուդան տանող ճանապարհին: Ավիահարվածների արդյունքում ոչ ոք չի տուժել:
Հարավային Սուդանի տեղեկատվության փոխնախարար Աթեմ Յաակը հայտարարել է, որ Սուդանի իշխանությունները պատրվակ են փնտրում պատերազմ սկսելու համար, հաղորդում է «Ռոսբալտը»:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու երկրներն էլ մեղադրում են միմյանց ռազմական սադրանքների մեջ: Դիտորդները նշում են, որ պետությունների միջեւ լարվածությունն աճում է եւ սպառնում է վերածվել բացահայտ հակամարտության:
Նախօրեին Սուդանի խորհրդարանը Ադիս Աբեբայից հետ էր կանչել պատվիրակությանը, որը Հարավային Սուդանի ներկայացուցիչների հետ պետք է պայմանավորվեր սահմանամերձ եւ տնտեսական վեճերի կարգավորման շուրջ: Սուդանի իշխանությունները նման քայլի էին դիմել երկու երկրների սահմանին բախումների վերսկսմամբ պայմանավորված:




























