Մալիում երդում է տվել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դիոնկունդա Թրաորեն:
Թրաորեն ավելի վաղ Մալիի խորհրդարանի խոսնակն էր: Նախորդ շաբաթ իշխանությունը գրաված զինվորականները համաձայնել էին նրան փոխանցել իշխանությունը: Համապատասխան հայտարարությունը ստորագրվել է գնդապետ Ամադու Սանոգոյի կողմից:
Թրաորեն որպես պետության ժամանակավոր ղեկավար երդում տալուց հետո 40 օրվա ընթացքում պետք է ընտրություններ կազմակերպի, հաղորդում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ Մալիի պաշտոնանկ նախագահ Ամադու Թուրեն հրաժարական է տվել նախորդ շաբաթ:
Մալիում հեղաշրջումը տեղի է ունեցել մարտի 21-ի լույս 22-ի գիշերը: Զինվորականները մարտի 27-ին ընդունել են սահմանադրությունը:
Մալիի հյուսիսում ռազմական հեղաշրջումից հետո ավելի են ակտիվացել տուարեգները. ներկա պահին նրանք վերահսկողության տակ են վերցրել խոշոր քաղաքներ Թիմբուքթուն, Գաոն եւ Քիդալը, որոնք գտնվում են Ազավադի հյուսիսում, որի անկախությունը նրանք հռչակել են ապրիլի 6-ին:




























