Հայաստանը վերջին 20 տարվա ընթացքում դարձել է սպառող երկիր, մինչդեռ խորհրդային 70 տարիների ընթացքում եղել է արտադրող երկիր: Մենք կգործադրենք բոլոր ջանքները, որպեսզի վերադարձնենք երբեմնի արդյունաբերական հզորությունը: Այդ մասին, այսօր` ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի միավորված առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, ով զբաղեցնում է երկրորդ տեղը Կոմկուսի համամասնական ցուցակում:

Նրա խոսքով, տարեկան Հայաստանը ներկրում է 4 միլիարդ 151 միլիոն դոլարի չափով ապրանք, այդուհանդերձ դրանք այն ապրանքներն են, որոնք կարելի է հանգիստ արտադրել երկրում: «Հայաստանն ունի սպառող երկրի կարգավիճակ, քանի որ մենք արտահանում են ապրանք 1 միլիարդ 330 միլիոն դոլարի չափով: Ցանկանում եմ հիշեցնել, որ Խորհրդային Հայաստանի ժամանակ ՀՆԱ-ն կազմել է 13,5 միլիարդ ռուբլի, որը համարժեք է 20 միլիարդ դոլարի: Արդյունաբերության բաժինը կազմում է 64 տոկոս:

Ներկայիս Հայաստանում 2011-ին ՀՆԱ-ն կազմել է 992 միլիարդ դրամ: Խորհրդային շրջանում Հայաստանը ԽՍՀՄ չորս հանրապետություններից մեկն էր, որը հանդիսանում էր արտադրող երկիր»,-նշել է Սաֆարյանը:

Ելնելով ստեղծված իրավիճակից` Կոմկուսը իր նախընտրական ծրագրում առաջարկում է մի շարք տնտեսական բարեփոխումների իրականացում. ռազմավարական ոլորտի ազգայնացում, որը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծման եւ երկրից հեռացածների վերադարձին: Ազգային ռազմավարական ոլորտները պետք է կենտրոնացնել պետության եւ ժողովրդի ձեռքում, որը կնպաստի գործազրկության եւ արտագաղթի վերացմանը:

Կոմկուսը նաեւ առաջարկում է վերանայել 90-ական թվականներին տեղի ունեցած սեփականաշնորհումը: Կոմունիստները մտադիր են կրճատել ներկրումը, նպաստել տեղական արտադրանքի զարգացմանը, պաշտպանել փոքր եւ միջին բիզնեսը, ինչպես նաեւ մասնավոր ձեռներեցությունը: Վերանայվելու է հարկային օրենսդրությունը, որը, նրանց կարծիքով, ներկա պահին հանրապետության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է:

Նշենք, որ երկարամյա պառակտումից հետո հայ կոմունիստները որոշել են միասնական ճակատով մասնակցել մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: