Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները կտրականապես դեմ են Իրանի նկատմամբ ուժ կիրառելուն: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ելույթ ունենալով Մոսկվայի տեսակոնֆերանսում:
«Մեր անհանգստությունը հարուցող միջազգային օրակարգի հարցը Իրանի շուրջ իրավիճակն է: Քննարկումների եւ խորհրդակցության արդյունքում ձեւավորված մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ միանգամայն հստակ է. մենք կտրականապես դեմ ենք Թեհրանի դեմ ուժ կիրառելուն: ՀԱՊԿ-ը կողմ է Իրանի հետ միջնորդների միջազգային վեցյակի բանակցությունների շարունակմանը եւ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը բոլորի կողմից, ներառյալ Թեհրանի լիարժեք համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ», - ասաց նա:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ ակնկալում է Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծում: ՀԱՊԿ-ի ղեկավարը հույս է հայտնել, որ իրավիճակի «զարգացման ոչ մի ուժային զարգացում» չի լինի:
«ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշ գործողությունների անցկացման ընթացքում մենք մշակել ենք մեծ քանակությամբ փախստականների հայտնվելու դեպքում աշխատանքի հնարավորությունը, այսինքն լուծել ենք նախապատրաստման ներքին խնդիրները մեզ համար, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի կառույցի գործողության փորձարկումն իրադրության սրման դեպքում: Սակայն եւս մեկ անգամ կասեմ` միայն հարցի խաղաղ լուծումը, միայն դիվանագիտական քայլերը, որոնք ուղղված կլինեն տարակարծությունների հարթմանը, ինչ-որ կերպ թույլ կտան վերացնել Իրանի միջուկային նախագծերի շուրջ եղած իրադրությունը», - ասել է նա, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:




























