Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հետեւողականորեն հասնելու է Հայաստանի ռուսական դպրոցներում հայ երեխաների ուսում ստանալու արգելքի վերացմանը, ինչպես նաեւ հայոց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այսօր` ապրիլի 12-ին, մամուլի ասուլիսում: Նա նաեւ կողմ է արտահայտվել խորհրդային կրթական համակարգը վերադարձնելուն:

Դրանից բացի, Թովմասյանը նշել է, որ դպրոցներում բացակայում է տարրական կուլտուրայի ուսուցումը եւ երիտասարդ սերունդը, որն իր բառապաշարը լցրել է ժարգոնային արտահայտություններով, հարգանք չի տածում տարեցների հանդեպ: «Ընդհանրապես մոռացվել է «Դուք»-ով դիմելաձեւը: Դպրոցականները «դու»-ով են դիմում ծերերին»,-ասել է նա:

Ելնելով այս ամենից, կոմունիստները անհրաժեշտ են համարում բարձրացնել կրթական մակարդակը դպրոցներում, պատասխանատվությունը դնելով դպրոցների տնօրենների վրա: Նաեւ նախատեսվում է կրկին անցնել 10-ամյա միջնակարգ կրթության եւ 5-բալանոց գնահատման համակարգի: Կոմունիստները դեմ են միասնական ընդունելության քննություններին:

ՀԿԿ ղեկավարն անդրադարձել է նաեւ հեռուստատեսությանը, նշելով. «Մենք մտադիր ենք ամբողջությամբ վերացնել սերիալների ցուցադրումը, որտեղ գերիշխում է բռնությունը, սպանությունները, մարմնավաճառությունը: Մենք պետք է հարված հասցնենք արեւմտյան ավանդույթներին, որոնք խորթ են հայ ժողովրդին»: Կոմկուսի ղեկավարը նշել է նաեւ, որ Կոմկուսը կողմ է անվճար կրթությանը եւ առողջապահությանը: