Հայ ազգային կոնգրեսի պես ուժ հետխորհրդային տարածքում գոյություն չունի: Այդ մասին այսօր` ապրիլի 12-ին, հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Եղվարդում հանդիպելով ընտրողների հետ:
«Սա մի երեւույթ է, որը գնահատված եւ ընդունված է նաեւ միջազգային հանրության կողմից: Բոլոր բարձրաստիճան պատվիրակությունները, որոնք ժամանում են Երեւան, հանդիպում են նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի եւ ինձ հետ: Սա նշանակում է, որ նրանք հասկանում են, որ Հայաստանում կա մի լուրջ քաղաքական հակակշիռ, որի մարմնավորումը Կոնգրեսն է»,- նշել է Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ ՀԱԿ-ը ձգտում է խորհրդարանը վերածել քաղաքական մարմնի, քանի որ իշխանությունը քաղաքական ինստիտուտ է: «Ես անձամբ համաձայն կլինեմ, թող երկիրը ղեկավարեն դաշնակցականները, կոմունիստները, քանի որ նրանք քաղաքական կուսակցություններ են, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին ՀՀԿ-ն է»,- նշել է նա:
Եղվարդում նաեւ ելույթ է ունեցել ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով կոչ է արել ընտրողներին գնալ եւ քվեարկել: «Ի՞նչ ունեք կորցնելու, փոխելու շոր էլ չունեք: Թող ինձ էս պատի տակ գնդակահարեն, բայց իմ ժողովուրդը լավ ապրի, իմ ձեռքերին իմ տղաներն են զոհվել, ումի՞ց եք վախենում: Ումի՞ց պիտի վախենանք»,- ասել է Միքայելյանը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն այսօր նաեւ հանդիպումներ է ունենալու Աբովյանի, Չարենցավանի եւ Հրազդանի ընտրողների հետ:




























