Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կառավարության նախարարներից եւս մեկը հայտնվել է ճաղերի հետեւում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող նախկին նախարար Վալերի Իվաշչենկոյին դատարանը դատապարտել է 5 տարվա ազատազրկման, հայտնում է ուկրաինական «24» հեռուստաալիքը:
Իվաշչենկոյին մեղադրել են իշխանության կամ ծառայողական դիրքի չարաշահման մեջ: Դատավճռում ասված է, որ մեկուսարանում մեղադրյալի գտնվելու ժամկետը (2010 թվականի օգոստոսից) հաշվվում է պատժաժամկետի մեջ, հայտնում է «Իզվեստիան»:
2009 թվականի նոյեմբերին Իվաշչենկոն ստորագրել էր Ֆեոդոսիական նավամեխանիկական գործարանի կառավարչի կազմած վերականգնման ծրագիրը: Գույքը վաճառել էին 2,2 միլիոն դոլարով, սակայն, ըստ հետաքննության տվյալների, վաճառված գույքի իրական արժեքը գերազանցել է 8,8 միլիոն դոլարը: 2011 թվականի հուլիսին Ուկրաինայի Գերագույն տնտեսական դատարանը տվյալ գործարքն անվավեր է ճանաչել:




























