Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննարկում է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Նա հայտարարել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ մեկ տարի առաջ, որպեսզի նվազեցվի ծանրաբեռնվածությունը Աֆղանստանի իրավապահ կառույցների, երբ երկրից կհեռանան միջազգային զինվորական ստորաբաժանումները, հաղորդում է Polit.ru-ն:

Նախագահը նշել է, որ այդ առաջարկը քննարկելու համար ժամանակ է պետք:

Հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականին, իսկ այդ ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերի մեծ մասն արդեն պետք է հեռանա Աֆղնաստանից:

Երկրի գործող նախագահը, ով արդեն երկրորդ 5-ամյա ժամկետն է անցկացնում, չի կարող մասնակցել ընտրություններին:

Հիշեցնենք, որ այսօր Աֆղանստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն համատարիմ է 2014-ին Աֆղանստանի անվտանգության վերահսկողությունն այդ երկրի իշխանություններին հանձնելու պլանին: