Դանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, եւ երկու երկրներն էլ ունեն համագործակցության զարգացման ներուժ: Այդ մասին հայտարարել է Դանիայի Թագավորության դեսպան Մայքլ Բորգ Հանսենը (նստավայրը` Կիեւ) Հայաստանում Դանիայի հյուպատոսության շնորհանդեսի ժամանակ: Դանիայի հյուպատոս է նշանակվել «Գրանդ Տորնտոն Ինտերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրեն Արման Պինարբասին:
«Հայաստանը եւ Դանիան երկուսն էլ Եվրոպայի տարբեր ծայրերում գտնվող փոքրիկ երկրներ են», - հաստատել է դեսպանը, ավելացնելով, որ աշխարհագրական հեռավոր դիրքի պատճառով Հայաստանում եւ Դանիայում քիչ գիտեն միմյանց մասին: Սակայն, ավելացրել է դիվանագետը, Կոպենհագենում Հայաստանի դեսպանության եւ Երեւանում Դանիայի հյուպատոսության բացումը կօգնեն բարելավել դրությունը: «Ես շատ եմ հարգում Հայաստանի պատմությունը, այն հետաքրքիր է եւ ուսուցողական», - նշել է Մայքլ Բորգ Հանսենը: Ըստ դանիացի դիվանագետի` հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳՆ-ում իրեն ասել էին, որ երկրի բոլոր քաղաքական ուժերը միասնական են մի բանում` մոտ լինել Եվրոպային: «Կարծում եմ, դա նաեւ Եվրոպայի շահերից է բխում», - նշել է դեսպանը:
Խոսելով համագործակցության հստակ ուղղությունների մասին` Մայքլ Բորգ Հանսենը նշել է, որ Դանիան մեծ փորձ ունի փոքր ձեռնարկությունների զարգացման ոլորտում: «Մենք փորձ ունենք նաեւ էներգախնայման ոլորտում, եւ այդ փորձն այժմ կիրառվում է Ուկրաինայում», - հայտնել է դեսպանը: Համագործակցության այլ ուղղություն կարող է դառնալ գյուղատնտեսությունը, մասնավորապես` խոզաբուծությունը:
Որպես երկկողմ հարաբերությունների զարգացման հատուկ ուղղություն` դիվանագետը նշել է մշակույթի ոլորտը:
«Դուք բոլորդ, իհարկե, կարդացել եք Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները: Բայց նրանով բնավ չեն սահմանափակվում դանիական գրականության հայտնի ներկայացուցիչները», - նշել է դեսպանը` հավելելով, որ Հայաստանի դեսպանատունն արդեն քայլեր է ձեռնարկում մշակութային կապերի խորացման ուղղությամբ եւ հայկական գրքի ցուցահանդես է կազմակերպել:




























