Ռուսաստանի Տուլայի մարզում կատարվածին անդրադարձել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցը, փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են Մերձմոսկվայի Լյուբերցիում գրանցված կողոպտիչները հասել հեռավոր Տուլա, որպեսզի կողոպտեն սեփական քրտինքով օրվա հացի գումար աշխատող Գեղամ Սարգսյանի բնակարանը։ Թղթակիցը նշում է, որ կասկածներ կան, թե Սարգսյանի բնակարանը կողոպտիչները պատահաբար չեն ընտրել, այլ եկել են Գեղամի որդու՝ Սամվելի պարտքի հետեւից։ Պարզվել է, որ Գեղամի որդին՝ 30-ամյա Սամվել Սարգսյանը հանցավոր անցյալ ունի, եւ հնարավոր է հանցավոր աշխարհի ներկայացուցչներին որոշ պարտքեր է ունեցել։

2000-ականների սկզբին Սամվել Սարգսյանը տհաճ պատմությունների մեջ է ընկել։ Ընկերների հետ շաքար են գողացել, որից հետո նրանց բռնել են։ Սամվել Սարսգյանին ազատազրկել են 2 տարով։ Ազատ արձակվելով՝ Սամվելը սկսել է գումարներ կորզել գործարարներից։ Նրանց հետ, ովքեր հրաժարվել են վճարել «ռեկետիրին»՝ Սամվելը վարվել է այնպես, ինչպես վարվում են սովորաբար մյուս «ռեկետիրները», նետել է խոնավ նկուղ, մինչեւ փողերը բերեն։ Շատ չանցած, սակայն, Սամվելին կրկին ձերբակալել են։ Ազատազրկվել է 4 տարով։ Ազատ է արձակվել նախորդ տարվա դեկտեմբերին, եւ անձնագիր չունանալու պատճառով արտաքսվել է ծննդավայր՝ Վրաստան։ Թղթակիցը մեկնել է Տուլայի մարզ՝ Բոգոռոդիցկ ավան, որտեղ ապրում է Սարգսյանների ընտանիքը։ 

«Չեմ թաքցնում, ճանապարհին կարծում էի, որ Գեղամը տեղական մասշտաբի քրեական հեղինակություն է լինելու, բայց երբ ժամանեցի, ու սկսեցի հարցուփորձ անել, ոչ մեկը վատ բառ չասեց նրա հասցեին։ Պատմում էին, որ սեփական քրտինքով հացի փող աշխատող արհեստավոր, հարեւաններին օգնության հասնող մարդ է»,- գրում է ԿՊ թղթակիցը։

Կողոպտիչները եղել են 4 հոգով։ Նրանք դուռը թակել են, անունով են դիմել Գեղամին, եւ վերջինս էլ կարծել է թե ծանոթ են։ «Ինձ անունով դիմեցին։ Հասկացա, որ մարդիկ գործով են եկել, բայց դռան շեին զգացի, որ ինչ-որ ծանր բան մեջքիս են սեղմում, իսկ նրանցից մեկը վրացերեն ասաց՝ հանգիստ գնա, չթպրտաս»,- պատմել է այժմ հիվանդանոցում գտնվող Գեղամ Սարգսյանը թղթակցին՝ ավելացնելով, որ այցելուները առանց միջադեպի տուն են անցել, պահանջել են տանը եղած գումարը։

Գեղամը չի ընդդիմացել։ Սեղանին է դրել 8000 ռուբլին։ Հետո նրանցից մեկը նշել է, որ գիտեն, ավտոտնակում էլ գումար կա, թող դա էլ բերի։ Գեղամը այդ 11 000 ռուբլին էլ է տվել կողոպտիչներին։ Կանայք տվել են նաեւ ոսկեղենը, բայց կողոպտիչները չեն բավարարվել։ Նրանցից մեկը ատրճանակի փողն ուղղել է Սարգսյանի 7-ամյա թոռի ճակատին։ «Շատ սարսափելի էր։ Ես նման բաներ, երբ կինոյում եմ տեսնում, արագ ալիքը փոխում են, բայց կատարածիս համար չեմ զղջում։ Ես նրանց տվեցի այն, ինչ ուզում էին; Տան ամբողջ գումարը, ոսկեղենը, բայց նրանք չլքեցին տունս։ Մենք երկու տարբերակ ունեինք, կամ նրանք մեզ պետք է սպանեին, կամ՝ մենք իրենց։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ծնողի պարտքն է պաշտպանել իր զավակներին, եւ ես դա եմ արել։ Աստված ոչ արասցե, որեւէ մեկի հետ նման բան տեղի ունենա, բայց այդ դեպքում, գոնե թող ծնողը հաղթողը լինի»,- ասել է Գեղամը ԿՊ թղթակցին։

Երբ կողոպտիչներից մեկը 7-ամյա երեխային սենյակի կենտրոն բերելով ատրճանակն ուղղում է նրա գլխին, Գեղամի աղջիկը՝ Մարինան լուսամուտից նետվում է։ Աղմուկը շեղում է կողոպտիչներին։ Խառնաշփոթում Սարգսյանի հարսը՝ Էդսինան հասցնում է խլել կողոպտիչներից մեկի ատրճանակը։ Գեղամն այդ ընթացքում անջատում է լույսը եւ նետվում է խոհանոց՝ վերցնելու ամենամեծ դանակը։ Խոհանոցի դռանը երեւում է կողոպտիչներից մեկը։ Սարգսյանը հարվածում է, եւ վիրավորում որովայնից։

Այդ ընթացքում «հյուրերից» մեկը վրացերեն ասում է՝ կանանց վերջը տվեք։ «Նրանք կարծում էին, որ ես չեմ հասկանում, բայց ես Վրաստանում եմ ծնվել, ես ամեն ինչ լսում էի ու հասկանում։ Այդ պահին այնպիսի ատելության զգացումով լցվեցի, որ նույնիսկ ոչինչ չեմ հիշում»,- պատմել է Գեղամը։

4 կողոպտիչներից կենդանի է մնացել միայն մեկը, բայց ստացել է բազմաթիվ վերքեր։

Կասկածներ կան, որ Գեղամը հնարավոր է ճանաչել է կողոպտիչներին, քանի որ քննիչները համոզված են, որ Գեղամի որդին՝ Սամվելը կապ է ունեցել նրանցից մեկի հետ։ Բացի դրանից, նրանք մտածում են, որ հենց Սամվելն է կողոպտիչներին ասել ավտոտնակում պահվող գումարի մասին։

«Այս տողերը գրելիս մտածում էի. «Եվ ի՞նչ։ Ինչ կարեւոր է, թե կողոպուտի համար ինչպիսի դրդապատճառներ են ունեցել Գեղամ Սարգսյանի բնակարանի կողոպտիչները»։ Եթե նա պաշտպանել է իրեն եւ իր ընտանիքի անդամներին, ուրեմն մնացածն արդեն կարեւոր չէ, եւ նա միայն գովասանքի է արժանի։ Ես ընդհանրապես ամերիկյան մոդելի կողմնակից եմ՝ քո տուն են մտել, կարող ես պաշտպանվել ցանկացած միջոցով։ Բայց դե Ռուսաստանում օրենքներն ուրիշ են։ «Իմ տունն՝ իմ ամրոցն է» ասվածը մեր մասին չէ»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցը։   

Հիշեցնենք, որ Գեղամ Սարգսյանի տան զինված կողոպուտի փորձը տեղի է ունեցել ապրիլի 7-ի երեկոյան։