Իրանի իշխանությունները արգելափակել են երկրի ողջ տարածքով ինտերնետը՝ դեկտեմբերի 7-ին իրանական ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավիի կազմակերպած ուսանողների բողոքի գործողության կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է Associated press-ը, երկրի բնակիչները չեն կարողացել մտնել համաշխարհային սարդոստայն արդեն կիրակի օրվանից: Սկզբից, մուտքը սահմանափակվել է մայրաքաղաքում, իսկ այսօր արդեն՝ ողջ երկրում:

Բացի այդ, երկրում հավատարմագրված լրագրողներին արգելել են լքել իրենց խմբագրությունները: Միեւնույն ժամանակ, Մուսավիի խոսքերով, որ նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, բարեփոխիչների շարժումը դեռ չի ոչնչացվել: «Ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչպես է կառավարությունը, որ ցանկանում է վերջ դնել բարեփոխումներին, կատարում է նույն սխալները»,- նկատել է նա՝ հավելելով, որ ընդդիմությունը այդուհանդերձ գոյատեւեց՝ չնայած իշխանությունների կողմից կոշտ ճնշմանը:

Նախատեսվող ակցիայի կապակցությամբ մեկ այլ ընդդիմադիր՝ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, մասնակիցներին կոչ է արել ցույցերի ժամանակ պահպանել օրենքը, որ երկու «կողմերի ծայրահեղականները չկարողանան սադրանքներ հրահրել»:

Մայրաքաղաքում այսօր ահռելի քանակությամբ անվտանգության ուժեր են կենտրոնացվել՝ ներառյալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: Հիշեցնենք, որ ամենամյա ցույցեր դեկտեմբերի 7-ին Իրանում տեղի են ունենում՝ ի հիշատակ 1953թ. հակաամերիկյան բողոքի ցույցերի ժամանակ սպանված երեք ուսանողների: