Լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը խախտվում է եւ ընդդիմադիրների եւ իշխանական ուժերի կողմից։ Սիրիայի պետական հեռուստատեսությունն ապրիլի 12-ին հաղորդել է, որ Հալեպում տեղի ունեցած ֆուգասի պայթյունի հետեւանքով զոհվել է 1 եւ վիրավորվել 24 զինծառայող։ Ինչպես այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը», Սիրիայի իշխանությունները պայթյունի մեղադրանքն ուղղել են ահաբեկիչներին։
Ընդդիմությունն իր կողմից տեղեկացրել է զոհված 3 խաղաղ բնակիչների եւ տասնյակ ձերբակալվածների մասին՝ տեղեկացնում է «Ազատությունը»։
Սիրիայի ընդդիմության առաջնորդ՝ Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Բուրհան Գալյունը բնակիչներին կոչ է արել ուրբաթօրյա նամազից հետո խաղաղ ցույցի դուրս գալ՝ պահանջելու նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։
AFP-ի տեղեկություններով, Դամասկոսը խոստացել է ապրիլի 12-ին ներում շնորհել զինված բախումների այն մասնակիցներին, որոնց «ձեռքերն արյունոտ չեն»։
«Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում զինված մարդկանց, որոնց ձեռքերն արյունոտ չեն, դիմել մոտակա ոստիկանական բաժին եւ վայր դնել զենքը։ Նրանք ազատ կարձակվեն, եւ նրանց չեն հետապնդի»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։
Ավելի վաղ չինական «Սինխուա» գործակալությունը հայտնել էր, որ իրավապահներին հանձնվել են 100 մարդ, որոնք գտնվում էին հետախուզման մեջ։
Հիշեցնենք, որ հրադադարը Սիրիայում ուժի մեջ է մտել ապրիլի 12-ին Երեւանի ժամանակով 07։00-ին:




























