Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել իր գերիշխանությունը կովկասյան տարածաշրջանում: Կովկասը դեռ գտնվում է Ռուսաստանի եւ նրա իշխող էլիտայի շահերի տիրույթում: Այս մասին «BBC-Ադրբեջան»-ին տված հարցարզույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը:
«Վրաստանի հետ օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի ցանկանում կորցնել իր հեղինակությունը Կովկասում եւ փորձում է ցուցադրել իր մկանները: Չպետք է մոռանալ նաեւ Պուտինի խոսքը, ով ԽՍՀՄ փլուզումը համարել է 20-րդ դարի աշխարհաքաղաքական մեծագույն ողբերգությունը»,- նշել է Բոլթոնը: Նա վստահ է, որ Եվրոպան պարտվում է Ռուսաստանին Կովկասում ունեցած իր ազդեցությամբ:
Սակայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Քըրթ Ուոլքերը այլկերպ է մտածում. «Եվրոպան հետխորհրդային տարածքում պաշտպանում է եւ ինքնիշխանության եւ քաղաքացիական իրավունքները, ապահովելով գլոբալ միջազգային նախագծերի իրականացումը: Եվրոպայի համար գլխավորը ժողովրդավարությունն է, խաղաղությունը, մարդու իրավունքները եւ պայքարը ահաբեկչության եւ թմրամոլության դեմ: Սակայն Ռուսաստանը կարծում է, որ Կովկասը վերահսկելու իրավունք ունի»:




























