Խարկովի մարզի նախկին նահանգապետ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի զինակից Արսեն Ավակովը Իտալիայում դատարանի կողմից կալանքից ազատ է արձակվել: Այնտեղ նա ձերբակալվել էր Ուկրաինայի իշխանությունների խնդրանքով: Այդ մասին տեղեկացրել է ընդդիմադիր խորհրդարանական խմբկացության ղեկավար Անդրեյ Կոժեմյակինը, հաղորդում է rapsinews.ru-ն:
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մարտի վերջին սկսել էր Ավակովի էքստրադիացիայի գործընթացը, ով մարտի 26 -ին ձերբակալվել էր Իտալիայում: Խարկովի մարզի դատախազությունը հունվարին քրեական գործ էր հարուցել Ավակովի դեմ` ավելի քան 50 հա հող ապօրինի օտարելու մեղադրանքով:
Տիմոշենկոն դիմել էր իտալական կառավարությանը` խնդրելով մերժել ուկրաինական իրավապահների խնդրանքը Ավակովին էքստրադիցիայի ենթարկելու մասին:
«Կես ժամ առաջ Իտալիայում ազատ է արձակվել մեր գործընկեր, Խարկովի մարզի կուսակցական կազմակերպության ղեկավար Ավակովը»,- խորհրդարանում հայտարարել է Կոժեմյակինը` շնորհակալություն հայտնելով իտալական դատարանին եւ ավելացնելով, որ իտալական արդարադատությունը օրինակ պետք է լինի ուկրաինականի համար:




























