Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում տնտեսական եւ քաղաքական կուրսի պատասխանատուն հավասարապես 3 կոալիցիոն ուժերն են, իսկ այն հանգամանքը, որ ՀԱԿ-ն ընդդիմանալու է ՀՀԿ-ին, դա բնական եմ համարում, որովհետեւ թույլերը միշտ միավորվում եւ քննադատում են ուժեղներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-կան փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքելով Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ ընտրարշավի ընթացքում իրենց քննադատության թիրախում լինելու է միայն ՀՀԿ-ն եւ «նրա կույրաղիք» ՕԵԿ-ը:
Էդուարդ Շարմազանովն ավելացրեց, որ դրանից թույլերը չեն ուժեղանում, իսկ ուժեղներն էլ չեն թուլանում: «Բնության մեջ էլ նապաստակները քննադատում են արծիվներին: Սակայն նապաստակը արծիվ չի դառնում` արծիվն էլ նապաստակի քննադատությունից չի թուլանում եւ չի կորցնում իր զգոնությունը: Արծիվը թեւերը բացած սավառնում է երկնքով եւ տեսնում է, թե ով ինչ է անում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը:
Ի դեպ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չի ցանկանում ոչ ոքի վիրավորել, պարզապես կենդանական աշխարհից օրինակ բերեց: «Թող որեւէ մեկն իր վրա չվերցնի»,- ասաց Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ Աբովյան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է մի քանի կանոններ, որոնցով առաջնորդվելու է Կոնգրեսը:
«Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության պահպանմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, ասում եմ անկեղծ նախաձեռնություններին, որովհետեւ կան նաեւ թատերական նախաձեռնություններ, որոնք արվել են Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի կողմից: Սրանց հետ մենք գործ չունենք: Մասնավորապես, անկեղծ նախաձեռնություն ասելով` ես նկատի ունեմ ՀՅԴ, «Ժառանգության» «Բարգավաճ Հայաստան»-ի եւ Կոնգրեսի կողմից ձեւավորված միասնական շտաբի գործունեությունը: Սա շատ կարեւոր փաստ է:
Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի գլխավոր հենասյուները` ՀՀԿ-ին եւ նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց երկրին»:
Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել եւս անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» ու նրանց թեկնածուների դեմ:
Միեւնույն ընտրատարածքներում Կոնգրեսը եւ նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների առկայության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով:
Անկախ այն բանից` մեր գործընկերներր կհարգեն, թե կխախտեն այս կանոնները Հայ ազգային կոնգրեսը հաստատակամ է որեւէ պարագայում չշեղվել դրանցից»,-ասել է նա:




























